Հիմնադրվել է 1988թ.` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում առաջին անգամ կազմակերպված Փարաջանովյան գործերի ցուցադրությունից հետո: Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին բնակության ու թանգարանի համար հատկացվեց երկու կից կառույց: Թանգարանը բացվեց 1991թ.: Հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը: Թանգարանում պահպանվում են ռեժիսորի նամակները` ուղղված Լիլի Բրիկին, Տարկովսկուն, Նիկուլինին ու մշակույթի այլ գործիչների: Ցուցադրությունում ընդգրկված է 700 ստեղծագործություն:
Հուշային երկու սրահում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան ու կիևյան բնակարանների հարդարանքի որոշ հատվածներ: Նրա ստեղծագործությունների մեծ մասն ստեղծված է հեղինակի ազատազրկման տարիներին:
Թանգարանը 56 ցուցահանդես է կազմակերպել Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում և այլուր:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում (նախկին Պլեխանով): Այս տանը գրողն ապրել է կյանքի վերջին տասը տարին: Տուն-թանգարանը բացվեց 1963թ. հոկտեմբերի 31-ին: Ցուցադրությունը բաղկացած է 2 մասից՝ գրական և հուշային: Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը: Բանաստեղծի անձնական գրադարանում կան հայերեն հին հրատարակություններ: Հազվագյուտ շատ գրքեր Հայաստանում հնարավոր է գտնել միայն Իսահակյանի գրադարանում: Թանգարանում պահպանվում են Իսահակյանի կյանքն ու ստեղծագործությունն ամբողջացնող 10 հազարից ավելի արժեքներ, որոնք գիտականորեն ուսումնասիրվում և ներկայացվում են հանրությանը:
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Հիմնադրվել է1963թ.այն տանը, որտեղ կոմպոզիտորն ապրել է կյանքի վերջին տարիներին: 1967թ. նոյեմբերի 25-ին տուն-թանգարանը դռները բացեց այցելուների առջև: Այստեղ 1317 թանգարանային նմուշ կա` կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր, նոտաներ, ձեռագրեր և լուսանկարներ, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի և գործունեության մասին: Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես եղել է կոմպոզիտորի կենդանության օրոք:Մշտական ցուցադրությունում են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված «Սպենդիարաֆոն» կոչվող երաժշտական գործիքը, «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության (1933թ.) պահպանված միակ ազդագիրը և այլն:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Տուն-թանգարանը բացվել է 1984թ., երբ նշվում էր աշխարհահռչակ երաժշտի 80-ամյակը:Հավաքածուն ընդգրկում է ավելի քան 18000 արժեքավոր առարկա: Հուշատանը և 10 ցուցասրաhներում ներկայացված բազմազան ցուցանմուշներն այցելուներին ծանոթացնում են Արամ Խաչատրյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը: Թանգարանում կա հարուստ ձայնադարան և համերգասրահ, որտեղ հաճախ կազմակերպվում են համերգներ, երաժշտական փառատոներ ու ցուցահանդեսներ:
Երվանդ Քոչարի թանգարան
Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984թ.` մաեստրոյի արվեստանոցի տեղում:Թանգարանն ամբողջական պատկերացում է տալիս արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան»,«Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկական, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, կոթողային քանդակների մանրակերտներ, տեսաֆիլմեր: Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում և Երվանդ Քոչարի թանգարանի սրահներում պահպանվում են ժամանակակից արվեստի նվաճում համարվող Քոչարի տարածական նկարները: Ներկայացված են նաև Քոչարի` ավանգարդի մեծերի հետ առնչությունների մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր ու վավերագրեր:Ե. Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու տարածման կարևորագույն կենտրոն է: Հայ արվեստագետը ցուցադրվել է խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, դը Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Տուն-թանգարանը բացվել է 1967թ.` նկարչի օրոք, նրա նվիրաբերած 50 ստեղծագործությունների նախնական հավաքածուով: Այժմ թանգարանում ներկայացված է 240 թանգարանային առարկա, որոնք ամփոփում են Վարպետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը` ուսանողական առաջին աշխատանքներից մինչև ուշ շրջանի գեղանկարները, գծանկարները, ընդհուպ` վերջին կտավը՝ «Հեքիաթ» գեղանկարը: Մշտական ցուցադրությունում ընդգրկված են Մ. Սարյանի նախահեղափոխական (1895-1917թթ.) և հայաստանյան (1921-1972թթ.) շրջանների գեղանկարները, ներառյալ` 1904-1907թթ. «Հեքիաթներ և երազներ» շարքը, նրա ստեղծագործության գլուխգործոցները` «Ջրհորի մոտ. շոգ օր», «Ինքնադիմանկար», «Քայլող կինը», «Գիշերային բնանկար», «Եգիպտական դիմակներով նատյուրմորտ», «Արևելյան ծաղիկներ», «Երեք հասակ» ինքնադիմանկարը:
Հայաստանի բնության պետական թանգարան
Հայաստանի բնության պետական թանգարանը եզակի է տարածաշրջանում հավաքածուներով ու թանգարանային արժեքներով: Թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գրեթե անփոփոխ, անհետացած են կամ հազվագյուտ և ընդգրկված են Հայաստանի ու Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում: Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը: Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական,երկրաբանական,կերպարվեստի լուսանկարներ:Ներկայացված են կաթնասունների,թռչունների,սողունների,երկկենցաղների,ձկների,միջատների,սարդակերպերի խրտվիլակներ,կմախքներ,մաշկեր,փափկամարմինների խեցիներ,ծառերի կտրվածքներ,հերբարիումի,բրածո բույսերի ու կենդանիների,օգտակար հանածոների նմուշներ,յուղաներկ կտավներ,գծանկարներ և այլն:
Փայտարվեստի թանգարան
Հիմնադրվել է 1977թ.: Հիմնական նպատակն է հավաքել, պահպանել և զարգացնել ազգային փայտարվեստի հարուստ ավանդույթները: Ցուցադրությունը բաղկացած է քանդակի, կիրառական արվեստի և հնագույն մշակույթի բաժիններից:
Հեղինակները նկարիչներ, քանդակագործներ և կիրառական արվեստի վարպետներ են: Այստեղ կազմակերպվում են թեմատիկ և հեղինակային ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, դասախոսություններ: Կրթական-ուսուցողական ծրագրեր են իրագործվում մարզերում և Արցախում:
Երևանի ռուսական արվեստի թանգարան
Ստեղծվել է 1984թ.: Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուն ներկայացնում է ռուսական արվեստի պատմության լավագույն շրջանը, որի հիմքում 19-20-րդ դդ. տնտեսական ու բարոյական փոփոխություններն են: Ավելի քան 120 նկարչի աշխատանք է ընդգրկում թանգարանի հավաքածուն: Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում բեմարվեստը ներկայացնող դահլիճը, որտեղ ցուցադրված զգեստներն ու բեմի դեկորացիաները տոնական տրամադրություն են ստեղծում: Հատուկ ուշադրության են արժանի Կորովինի, Սերովի, Արխիպովի գործերը:
«Կարեն Դեմիրճյանի թանգարան»
Պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է 2001թ. հունվարի 9-ին` ՀՀ կառավարության N9 որոշմամբ: Հիմնական ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2007թ. ապրիլի 20-ին` Կ. Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակի առթիվ: Թանգարանը ստեղծվել է Կ. Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով: Թանգարանի խնդիրն է նաև Կ. Դեմիրճյանի օրինակով նպաստել մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը: Թանգարանում առկա են հարուստ փաստավավերագրական նյութեր` փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաֆիլմեր, անձնական իրեր, կառավարական պարգևներ, ինչպես նաև` բարեկամներից, գործընկերներից ստացած նվերներ` արվեստի գործեր, օլիմպիական ոսկե մեդալներ և այլն: Դրանց մի մասը ցուցադրված է ժամանակակից ոճով ձևավորված երկու ցուցասրահներում: Թանգարանի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու նաև Կ. Դեմիրճյանի զինակիցների կյանքին և գործունեությանը, որոնք աշխատել են նրա հետ կողք կողքի, նրա ղեկավարությամբ` նպաստելով երկրի զարգացմանը: Թանգարանում հաճախակի կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ` գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 1970-1990թթ., Երևանի մետրոպոլիտենի ստեղծման պատմությունը, «Էրեբունի-Երևան» տոնակատարության պատմությունը և այլն, որոնց նպատակն է դրվագ առ դրվագ ամփոփել Կ. Դեմիրճյանի գործունեությունը: Հուշասրահում ցուցադրված են ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարների աշխատասենյակի կահույքը և իրեր, որոնք օգտագործել են և Կարեն Դեմիրճյանը և Կենտկոմի նախորդ առաջին քարտուղարները: Ցուցադրվող աշխատասեղանի մոտ Կարեն Դեմիրճյանն աշխատել է նաև այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել: Թանգարանն ունի քաղաքական գրականության գրադարան, որտեղ այցելուները և ուսումնասիրողները կարող են հանգամանալից ծանոթանալ Հայաստանի խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությանը: Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որը պահվում է թանգարանի ֆոնդերում: «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը և թանգարանը համատեղ հրատարակել են Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող գրքեր, բրոշյուրներ, կատալոգներ: Հրատարակության է պատրաստվում Խորհրդային Հայաստանի տարեգրության շարունակությունը, որն ընդգրկում է 1980-1990 թթ.: Թանգարանն ունի նիստերի դահլիճ, որտեղ անց են կացվում բազմաբնույթ միջոցառումներ` գիտաժողովներ, բանավեճեր, մամուլի կոնֆերանսներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ: Թանգարանի գործունեությանը մշտապես մասնակից է Դեմիրճյանների ընտանիքը, հատկապես` թանգարանի խորհրդական, «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նախագահ Ռիմա Դեմիրճյանը:
Աղբյուրը ՝ http://www.yerevan.am/am/allmuseums/museums-of-yerevan/?page=1