Ռազմագիտություն (ռուս. военная наука) - Օրենքների, պատերազմի ռազմավարական բնույթի, նրա կանխարգելման ուղիների, ԶՈՒ և երկրի շինարարության ու պատերազմի նախապատրաստման, զինված պայքարի վարման եղանակների մասին գիտելիքների համակարգ է։ Պատերազմը, որպես բարդ սոցիալ-քաղաքական երևույթ, ուսումնասիրում են հասարակագիտական, բնագիտական և տեխնիկական շատ գիտություններ։
Ռազմագիտության հիմնական առարկան է զինված պայքարը պատերազմում։ Ռազմագիտությունն ուսումնասիրում է զինված պայքարի պրոբլեմները՝ նկատի առնելով նրա ընթացքի և ելքի կախվածությունը պատերազմող կողմերի տնտեսական, բարոյա-քաղաքական, գիտատեխնիկական և ռազմական հնարավորությունների հարաբերակցությունից, նրա ձևերից, ռազմավարական օպերատիվ և մարտավարական մասշտաբներում պատրաստության ու վարման եղանակներից, ԶՈՒ-ի կազմը, կազմակերպումը և տեխնիկական սարքվածությունը (զինվածությունը), բնակչության և զորահավաքային ռեսուրսների զինվորական ուսուցման ու դաստիարակության, պատերազմին նախապատրաստվելու խնդիրները, պատերազմական և խաղաղ ժամանակ զորքերի (ուժերի) կառավարման (ղեկավարման) բովանդակությունը, ձևերը և մեթոդները, պատերազմի և զինված պայքարի փոխադարձ կապը քաղաքականության և տնտեսության հետ, ինչպես նաև դրանց ազդեցությունը ԶՈՒ շինարարության, քաղաքական ու տնտեսական ապահովման, պատրաստականության և մարտական կիրառության վրա։
Ռազմագիտության բովանդակությունը և ուղղվածությունը պայմանավորվում են ռազմական ուսմունքով (դոկտրինով), իր հերթին ռազմագիտության եզրակացություններն ու հանձնարարականներն օգտագործվում են ռազմական ուսմունքի (դոկտրինի) մշակման ժամանակ։
Ռազմագիտության արդի կառուցվածքում տարբերում են՝ ռազմագիտության ընդհանուր հիմունքները (ընդհանուր տեսությունը), ռազմական արվեստի, ԶՈՒ շինարարության, ԶՈՒ զինվորական ուսուցման ու դաստիարակության, սպառազինության, կառավարման, ԶՈՒ տեսակների, ԶՈՒ ռազմական տնտեսության և թիկունքի տեսությունները, ինչպես նաև ռազմական պատմության համապատասխան բաժինները։
Ռազմագիտությունը ռազմական շինարարության յուրաքանչյուր փուլում համապատասխանում է ռազմական ուսմունքի (դոկտրինի) սկզբունքային դրույթներին և ղեկավար ցուցումներին։ Այդպիսի մոտեցումը հնարավորություն է ընձեռում բազմակողմանիորեն ու մանրամասնորեն հետազոտել պատերազմի և խաղաղության պրոբլեմները արդի ժամանակաշրջանում, մշակել հանձնարարականներ և կատարել այլ պատասխանատու ու բարդ խնդիրներ պատերազմի կանխարգելման և երկրի հուսալի պաշտպանության ապահովման համար։
No comments:
Post a Comment